Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են բոլոր ոլորտներում՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՌԴ պաշտոնական այցի մանրամասներն ու արդյունքները:
«Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով, կա մեծ ներուժ շարունակելու այդ հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: Տարածաշրջանային զարգացումների հետ կապված կա փոխըմբռնում: Դուք տեսաք, որ երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ անթույլատրելի էր համարվում խնդրի ռազմակարական լուծումը: Բնականաբար, ևս մեկ անգամ ՌԴ և ՀՀ նախագահների կողմից շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ հիմքը եղել է ՀՀ ազգային և պետական շահը: Միաժամանակ, Շարմազանովը խոստովանեց, որ եղել են որոշակի թերություններ, բայց երկկողմ հարաբերությունները ամփոփելով կա լուրջ առաջընթաց տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե իրենք կողջունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը, Շարմազանովն ասաց, թե որևէ նորություն չկա: «Հայաստանը հստակ ներկայացրել է իր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Մենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման կողմնակից ենք, կողմնակից ենք ունենալ կանխատեսելի հարևան, որի հետ կկառուցենք երկարաժամկետ հարաբերություններ: Այսօր, դժբախտաբար, Թուրքիան կանխատեսելի չէ, որովհետև թուրքական ղեկավարությունը հրաժարվում է իրականացնել 2009-ին ստորագրած պարտավորությունները: Քանի դեռ նրանք չունեն քաղաքական կամք վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, այս փուլում դինամիկ զարգացման մասին խոսելու հիմք չկա: Մենք թշնամի չենք համարում որևէ ժողովրդի, բայց որևէ ժողովրդի հետ պատրաստ չենք մեր ազգային արժանապատվության հաշվին հարաբերություններ կարգավորել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: